Մեղավորը վախենում է օրենքից, անմեղը՝ ճակատագրից:
Պուբլիլիոս Սիրոս

ՏՎԽ-ի կարծիքը "Մեկ Ազգ" կուսակցության դեմ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի հայցով դատական գործի վերաբերյալ

#16
ՏՎԽ-ի կարծիքը "Մեկ Ազգ" կուսակցության դեմ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի հայցով դատական գործի վերաբերյալ

Սեպտեմբերի 7-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Մեկ Ազգ" կուսակցության դեմ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 28.06.2012թ-ին կայացրած վճռի վերաբերյալ իր կարծիքը:

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Քաղաքացիական ակտիվիստներ Դանիել Իոաննիսյանը, Բայանդուր Պողոսյանը, Հասմիկ Սիմոնյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ "Մեկ Ազգ" կուսակցության` պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև՝ հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին:

Հայցադիմումի համար հիմք են եղել "Մեկ Ազգ" կազմակերպությունների դաշինքի՝ facebook սոցիալական ցանցում հայցվորների մասին տարածած տեղեկությունները:

Դանիել Իոաննիսյանի մասին ասվել է հետևյալը.

  • "համասեռամոլների պաշտպան է, ով դատապարտում է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության...Սա Րաֆֆի Հովհաննիսյանի երիտ. թևի անդամ է... ակտիվ անդամ... ճանաչեք հայեր, թե ովքեր են տուրք տալիս անբարո բարքերին...ձեր արևտամետ լևոնական ու րաֆֆիական ճամբարը կուղարկեն գրողի ծոցը...ձեր անբարո գաղափարների հետ...միայն զորեղ Հայաստան, միայն Հայ Առաքելական Եկեղեցի...Այս խեղկատակը նույնիսկ ազգությամբ հայ չէ..."

Բայանդուր Պողոսյանի մասին ասվել է.

  • "Այս գաղափարական վիժվածքը լևոնական երիտ. թևի, առանց համասեռամոլների չի պատկերացնում Հայաստան ու քարկոծում է "Մեկ ազգի" պայքարը համասեռամոլության դեմ...":

Հասմիկ Սիմոնյանի մասին դաշինքը հայտարարել է.

  • "այս տիկինը դատապարտելով մեկ ազգի դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության երևույթի, մեկ բան է փաստում, որ ինքը սեռական հեղափոխության վառ կողմնակից է, ու Հայաստանը միայն պատկերացնում է համասեռամոլների հոծ բանակի ներքո":

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Սա առաջին դատական նախադեպն է Հայաստանի Հանրապետության ներպետական պրակտիկայում, երբ դատարանը քննության է առել սոցիալական ցանցում տարածված տեղեկատվության իրավաչափության հարցը: Այս իմաստով կարելի է ասել, որ դատարանի որոշումը նախադեպային բնույթ ուներ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ընթանում են հանրային քննարկումներ, թե արդյոք ազատ արտահայտվելու իրավունքը սոցիալական ցանցերում պետք է կարգավորվի այնպես, ինչպես սովորական հանրային միջավայրում:

  • Այս առումով Խորհուրդը գտնում է, որ սոցիալական ցանցերը վաղուց դադարել են փակ միջավայր լինելուց/ , քանի որ բազմաթիվ խողովակներով օգտատերերը հաղորդակցվում և ինֆորմացիա են փոխանակում հանրային դաշտում գործող սուբյեկտների հետ: Այս առումով թե՛ իր իրավական, և թե՛ սոցիալական հետևանքներով որևէ տարբերություն չկա երկու այնպիսի երևույթների միջև, երբ մի դեպքում անձն իր բողոքի արտահայտումը կատարում է իր անձնական էջի ստատուսում տեղադրված հայտարարությամբ, իսկ մեկ այլ դեպքում, օրինակ, բողոքն արտահայտում է նույն հայտարարությունը պաստառի վրա փակցնելով և քաղաքի բանուկ միջավայրում պարզելով: Երկու դեպքում էլ տեղեկությունը հասանելի է բոլորին: Ընդ որում, հենց այս նոր չափորոշիչն է կիրառել դատարանը սույն գործով` որոշելու համար, թե արդյոք տեղեկատվությունը ունեցել է հրապարակային բնույթ: Վկայակոչելով արդեն նախադեպային իրավունքով կայուն հաստատված "երրորդ անձի" չափորոշիչը՝ դատարանը միևնույն ժամանակ ներմուծել է "հասանելի է բոլորին" չափորոշիչը, որը, կարծում ենք, ավելի նպատակահարմար կիրառություն կարող է ունենալ համացանցում տարածվող տեղեկատվության առումով: Խորհուրդը ողջունում է դատարանի վերը նշված եզրահանգումները:
  • Խնդրո առարկա արտահայտություններից դատարանը արատավորելու նպատակով կատարված վիրավորական արտահայտություններ է համարել միայն Դանիել Իոաննիսյանի հասցեին ուղղված "խեղկատակ" և Բայանդուր Պողոսյանի հասցեին ուղղված "գաղափարական վիժվածք" արտահայտությունները: Նշված արտահայտությունները, որոնք տվյալ համատեքստում օգտագործվել են որպես գնահատող դատողություններ, տարբեր համատեքստերում կարող են ստանալ տարբեր նրբերանգներ: Տվյալ համատեքստում դատարանը դրանք համարել է օբյեկտիվորեն արատավորող և վիրավորական՝ իր ներքին համոզման հիման վրա: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Խորհուրդը ձեռնպահ է մնում գնահատելուց, թե արդյոք տվյալ համատեքստում նշված արտահայտություններն արատավորող բնույթի վիրավորական արտահայտություններ էին, թե՝ ոչ:
  • Ինչ վերաբերում է մնացած ընդարձակ արտահայտություններին, ապա դատարանը դրանք չի համարել ո՛չ վիրավորական, և ո՛չ էլ զրպարտող բնույթի, քանի որ դատարանը գտել է, որ դրանք վերացական արտահայտություններ են, այսինքն՝ օբյեկտիվորեն արատավորող բնույթի արտահայտություններ չեն: Ըստ դատարանի՝ որևէ կուսակցության պատկանելը, կամ որևէ մեկի պաշտպան լինելը, կամ գաղափարներ կրելը կամ տարածելը, ազգությամբ հայ չլինելը կամ այդ մասին տեղեկատվություն տարածելը, նույնիսկ իրականությանը չհամապատասխանող, իրականում չեն կարող արատավորել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Խորհուրդը ողջունում է նման դիրքորոշումը, քանի որ դա ապահովում է քաղաքական խոսքի պաշտպանության լայն շրջանակներ:
  • Կարծում ենք՝ դատարանի կողմից ողջամիտ մոտեցում է դրսևորվել նաև արդարացի փոխհատուցման հարցը լուծելիս: Նախ, հետևելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին, մասնավորապես, որ փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար, դատարանը բավարարել է ոչ-նյութական վնասի դիմաց փոխհատուցման պահանջը, որը կազմում էր խորհրդանշանական 10-ական դրամ յուրաքանչյուր հայցվորի համար: Այս առումով Խորհուրդը կրկին նկատում է, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի կիրառման հարցում նկատվում է հետևողականության դրսևորում:
  • Ինչ վերաբերում է դատական ծախսերին, ապա այս պահանջն ամբողջությամբ մերժվել է, քանի որ հայցվորները չեն կարողացել փաստաթղթային հիմքերով հիմնավորել, որ այդպիսի ծախսեր իրականում կատարվել են: Այս առումով Խորհուրդը ձեռնպահ է մնում որևէ կարծիք հայտնելուց, քանի որ այդ հայցը գտնվում է դատարանի հայեցողության տիրույթում: Ինչ վերաբերում է իրավական պաշտպանության եղանակին, ապա այս առումով դատարանը պարտավորեցրել է պատասխանող կազմակերպությանը ներողություն խնդրել հայցվորներից www.facebook.com համացանցային կայքում ներողության տեքստը տեղադրելու միջոցով: Կարծում ենք, որ տվյալ հանգամանքների ներքո դատարանը կարողացել է արդարացիորեն փոխհավասարակշռել կողմերի շահերը:

3. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով, որ սույն գործը ՀՀ դատարանների կողմից քննված առաջին դատական գործն է ինտերնետում ազատ արտահայտվելու իրավունքի մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ այս թեման հայկական ինտերնետ միջավայրում ձեռք է բերում մեծ արդիականություն` Խորհուրդը գտնում է, որ հասունացել է պահը, որպեսզի լայնորեն քննարկվեն այդ միջավայրում ինքնակարգավորման նորմերի ընդունման և կիրառման հարցերը, և այդ նպատակով բոլոր հետաքրքրված ակտիվ օգտագործողներին հրավիրում է բանավեճի:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)–Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան-«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան-Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան-«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն