Տեսնել անարդարությունը եւ լռել, նշանակում է անձամբ մասնակցել դրան:
Ժան Ժակ Ռուսո

ՏՎԽ կարծիքը դատաքննության հրապարակայնության վերաբերյալ

#45
ՏՎԽ կարծիքը դատաքննության հրապարակայնության վերաբերյալ
2015 թվականի սեպտեմբերի 30-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է դատաքննության հրապարակայնության վերաբերյալ:
 
ՓԱՍՏԵՐԸ
 
Լրագրող Արման Սուլեյմանյանը 2014թ.-ի մայիսից լուսաբանել է ՀՀ քաղաքացի Դավիդ Հակոբյանի վեցամյա որդու խնամակալությանը վերաբերող դատական գործը։ Դատական գործի քննությունը ընթացել է դռնբաց։ 2014թ.-ի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել դատական ակտի որոշման հրապարակումը, որի ընթացքում լրագրողը փորձել է տեսանկարահանել որոշման եզրափակիչ մասի հրապարակումը: Դատարանը արգելել է կատարել տեսանկարահանում։ Դատարանը տեսանկարահանման արգելքը չի պատճառաբանել: Լրագրողը դատարանի աշխատակազմից խնդրել եւ ստացել է դատական ակտի հրապարակման նիստի ձայնագրությունը, որում առկա չէ եղել դատական ակտի հրապարակումը տեսանկարահանելու վերաբերյալ դատարանի արգելքը: Լրագրողը դատարանի արգելքի վերաբերյալ որոշումը վիճարկել է վարչական դատարանում՝ առանձին դատական վարույթով, սակայն այս դատարանը և վերադաս ատյանները մերժել են հայցվորի բողոքները։ Դատական քննությունն ավարտվել է։ Սույն գործով հայցվորի շահերը դատարանում ներկայացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։  
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
Դատաքննության հրապարակայնությունը կամ հրապարակային դատաքննության իրավունքը հիմնարար իրավունք է, որը լրատվության միջոցների համար կարող է  սահմանափակվել հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով։  Դատելով նրանից, որ դատավարությունը եղել է դռնբաց, նշված հիմքերից ոչ մեկը առկա չի եղել։ Հետևաբար, դատական ակտի հրապարակման տեսաձայնագրման արգելքը իրավաչափ չի եղել, որի արդյունքում խախտվել է լրագրողի տեղեկություններ տարածելու իրավունքը։ 
 
Բացի նշվածից, տեղի ունեցածը շոշափում է նաև հանրային իրավահարաբերությունների մասին հարց։ Հայտնի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատական ակտի հրապարակայնությունը կապում  է դատաքննության հրապարակայնության սկզբունքի հետ։ Դատաքննության հրապարակային բնույթը օգնում է, որպեսզի հասարակությունը կարողանա իրականացնել  հասարակական վերահսկողություն արդարադատության իրականացման նկատմամբ, որը համարվում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը։ Ինչպես ասվում է հայտնի թևավոր խոսքում, արդարադատություն ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև տեսանելի լինի, թե ինչպես է իրականացվում։ Անկասկած է, որ այս պայմանի իրականացման մեջ լրատվամիջոցները և լրագրողները ունեն իրենց անփոխարինելի դերակատարումը։ Հետևաբար, դատական ակտը հրապարակայնացնելու լրագրողի իրավունքի սահմանափակումը անկասկած միջամտություն տեղեկատվություն ստանալու և դատարանների գործունեությունը վերահսկելու հանրային ընդհանուր շահին։ 
 
Վերը նշված երկու նկատառումները հաշվի առնելով, Խորհուրդը գտնում է, որ դատարանի գործողությունները, մասնավորապես, դատական ակտի հրապարակայնացման տեսաձայնագրման արգելքը, խախտել է տեղեկատվություն ստանալու հանրային շահը և տեղեկություններ տարածելու լրագրողի իրավունքը։ 
 
 
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
 
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ 
Մանանա Ասլամազյան - անկախ մեդիափորձագետ
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Գեղամ Վարդանյան- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր