Տեսնել անարդարությունը եւ լռել, նշանակում է անձամբ մասնակցել դրան:
Ժան Ժակ Ռուսո

ՏՎԽ կարծիքը քաղաքացին ընդդեմ «Սուր անկյուն» հաղորդաշարի դատական գործի վերաբերյալ

#58
ՏՎԽ կարծիքը քաղաքացին ընդդեմ «Սուր անկյուն» հաղորդաշարի դատական գործի վերաբերյալ
2016թ.-ի հոկտեմբերի 24-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Քաղաքացին ընդդեմ «Սուր անկյուն» հաղորդաշարի դատական գործի վերաբերյալ իր կարծիքը: 
 
Գործի հանգամանքները
 
ՀՀ քաղաքացի Արթուր Կարապետյանը 16.06.2015թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի`պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջների մասին։ Նա վիճարկում է հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2015 թ. մայիսի 17-ի հաղոդման ժամանակ հաղորդավարի կողմից և հաղորդման ընթացում զուգահեռ ցուցադրվող տեսանյութում իր հասցեին հնչեցված հայտարարությունների օրինականությունը, դրանց զրպարտող և արատավորող բնույթը։ Հաղորդումը  հասանելի է http://www.armlook.com/episode/armenia-tv/sur-ankyun/issue-148/4155 համացանցային էջում։ Հաղորդման վիճահարույց հատվածը հետևյալն է. 
 
«Առավել սարսափելի ու վտանգավոր է, երբ կալանավորին թմրանյութ փոխանցելու հարցում օժանդակում են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները, որոնք հանուն գումարի կամ այլ պատճառներով հաճախ իրենք են հայտնվում կալանավորի կարգավիճակում: Ահավասիկ Նուբարաշեն քրեակատարողականի անվտանգության բաժնի աշխատակից Արթուր Կարապետյանը, իր իսկ որակմամբ ծանոթ Արմեն Պապիկյանին օգնելու նպատակով, խանութից գնում է աղցան, մեջը տեղադրում պոլիէթիլենով փաթեթավորված թմրամիջոց և անհայտ տաքսիստի ու ինչ-որ աշխատողի միջոցով, որը Կարապետյանին չի ճանաչել, ուղարկում կալանավայր: Սակայն արջի ծառայության նրա փորձը ձախողվում է»: (տե՛ս 37:50-ից):
 
Նշված հայտարարությանը զուգահեռ ներկայացվել է տեսանյութ կալանավայրերում թմրանյութ տեղափոխելու և նման անօրինական գործողությունների նկատմամբ կալանավայրերի աշխատակիցների կողմից պատշաճ հսկողության բացակայության մասին։ Որից հետո հաղորդավարը նշել է հետևյալը. 
 
«Այսպիսի մի դեպքով էլ քրեական գործ էր քննվում նախորդ տարի, երբ կալանավորվել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակից Արթուր Կարապետյանը: Նրան մեղադրում էին Բուկրենոֆին թմրամիջոց աղցանի մեջ թաքցնելու ու դատապարտյալներից մեկին փոխանցելու մտադրության համար: Կարապետյանն այն ժամանակ մեղադրանքները չէր ընդունում: Չնայած ի վերջո դատարանը դա ապացուցված համարեց»: 
 
Հայտարարությունն ուղեկցվել է տեսանյութով, որում ցուցադրվել է հայցվորը կալանավորված։ Հայցվորը նշել է, որ հաղորդման ընթացքում ինքը ներկայացվել է որպես հանցագործ, ով փորձել է թմրանյութ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Նա նշել է, որ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, զրպարտող ու իր պատիվն ու արժանապատվությունը զրպարտող են։ Որպես ապացույց հայցվորը ներկայացրել է նախաքննական մարմնի որոշումը, որը կայացվել էր դեռ 2013 թվականին, ըստ որի՝ վերը նշված փաստերով իր դեմ հարուցված քրեական գործը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել էր հանցակազմի բացակայության, այսինքն՝ արդարացման հիմքով։ 
 
Պատասխանողը դատարանում ներկայացրել է, որ լրատվանյութում ներկայացվել է տեղեկություն, որը համապատասխանել է իրականությանը, մասնավորապես, որ հայցվորին ներկայացված է եղել մեղադրանք ներկայացված փաստերի հիմքով։ Նաև նշել է, որ հեռուստահաղորդմաև ըեթացքում ոչ հաղորդավարը և ոչ էլ լրագրողր Ա. Կարապետյանի մասին խոսելիս չեն օգտագործել «հանցագործ» բառը և որ դա հայցվորի սեփական ընկալման արդյունք է, մինչդեռ տեղեկության արատավորող բնույթի լինելը որոշվում է օբյեկտիվորեն, այլ ոչ թե երևույթների նկատմամբ հայցվորների սեփական ընկալումից:
 
14/06/2016թ. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ, որով մասնակի բավարարել է հայցը։ Դատարանը գտել է, որ վիճահարույց լրատվանյութը զրպարտել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, քանի որ դրանցում նշված փաստական տվյալները իրականությանը չեն համապատասխանել, հայցվորը նշված արարքների կատարման մեղադրանքով իրապես արդարացվել է։ Իսկ ինչ վերաբերում է պատասխանողի այն պնդմանը, թե լրատվանյությում «մեղադրանք» բառը արտահայտելիս նկատի է առնվել թիվ ԵԷԴ/0012/01/14/ քրեական գործով նրա դատապարտված լինելը, դատարանը գտել է, որ թեև հայցվորը դատապարտվել է այդ քրեական գործով, սակայն հրապարակված տեղեկատվության մեջ այդ մասին որևէ նշում առկա չի եղել, հետևաբար, նշվածը բավարար չէր արձանագրելու համար, որ ներկայացված «մեղադրանքներ» արտահայտությամբ հաղորդման մեջ պատասխանողը նկատի է ունեցել ԵԷԴ/0012/01/14/ քրեական գործով կայացված դատական ակտը։ 
 
Դատարանը պարտավորեցրել է «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող «Սուր անկյուն» հաղորդման ընթացքում հերքել Արթուր Կարապետյանի վերաբերյալ արտահայտված իրականությանը չհապապատասխանող փաստացի տվյալները`միաժամանակ սահմանելով հերքման տեքստը: Դատարանը նաև պարտավորեցրել է ընկերությանը հօգուտ հայցվորի բռնագանձել 500,000 ՀՀ դրամ` որպես զրպարտության արդյունքում պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում: Պատասխող ընկերությունը բողոքարկել է վճիռը և դատական քննությունը ներկայումս շարունակվում է Քաղաքացիական վերաքննիչ դատարանում։
 
Եզրահանգում
 
Ուսումնասիրելով սույն գործի փաստերը, Խորհուրդը գտնում է, որ հեռուստահաղորդման ժամանակ չի դրսևորվել անհրաժեշտ ջանասիրություն հայցվորին վերագրվող բոլոր փաստերը ճշգրիտ և հավասարակշռված ներկայացնելու համար, մինչդեռ այդ պահանջը լրագրողական էթիկայի անքակտելի մաս է կազմում։  Հայցվորը ներկայացվել է բացառապես բացասական լույսի ներքո, որն ուղեկցվել է նրա ձերբակալումը պատկերող տեսանյութով և կալանավայրեր անօրինական կերպով թմրանյութեր տեղափոխելու երևույթի մասին ընդհանրացված բնույթի տեղեկատվությամբ մատուցմամբ։ Հաղորդման ընթացքում ներկայացվել են միայն հայցվորին մեղադրանք ներկայացված լինելու փաստը և դրա հիմքում ընկած փաստական տվյալները, մինչդեռ չի ներկայացվել, որ նշված փաստերի հիմքով նա ի վերջո արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այսինքն, ներկայացվել են փաստեր քրեական գործով քննության միայն նախնական փուլի մասին, որոնք թեև ինքնին համապատասխանել են իրականությանը, սակայն չեն արտահայտել քրեական գործի ընթացքն ամբողջությամբ, մասնավորապես՝ դրա լուծումը, Ա. Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և քրեական գործի կարճումը։ Արդյունքում, խախտվել է ոչ միայն անձի պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, այլ նաև անմեղության կանխավարկածը։ 
 
Ըստ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրքի 4.7 կետի՝ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են պահպանել անմեղության կանխավարկածը՝ հավասարակշռություն պահպանելով անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների՝ արդար դատաքննության իրավունքի եւ հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի միջև։ Տվյալ դեպքում լրատվանյութը ներկայացվել է այնպիսի եղանակով, որ հեռուստադիտողի և ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ անկասկած կարող էր թողնել այնպիսի տպավորություն, թե Ա. Կարապետյանն իսկապես կատարել էր հանցագործություն, նույնիսկ եթե լրատվանյութում ներկայացվել էր բացառապես նրան մեղադրանք ներկայացված լինելու իրականությանը համապատասխանող տեղեկատվություն (Անմեղության կանխավարկածին ՏՎԽ-ն անդրադարձել է նաև իր թիվ 34 որոշման մեջ՝ արտահայտելով կարծիք այն մասին, որ քաղաքացիաիրավական հարաբերություններում բացակայում է անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման դեմ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ՀՀ իրավական համակագում և դրա արդյունքում քաղաքացիները ստիպված են նշված իրավունքի խախտումը վիճարկել վիրավորանքի և զրպարտության՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված կառուցակարգով, որը արդյունավետ պաշտպանության միջոց չէ անմեղության կանխավարկածի խախտում վիճարկելու համար՝ ելնելով այդ իրավական կառուցակարգի առանձնահատկությունից)։ 
 
Այս կարծիքը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Խոսքի ազատության ոլորտում վեճերի արտադատական լուծումների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված տեսակետներն ու հետևությունները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետները: 
 
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
 
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական
գրասենյակի փոխտնօրեն
Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Գեղամ Վարդանյան- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր