Սխալ կանոնը միշտ ավելի վատ է, քան կանոնների բացակայությունը:
Ա. Բաումգարտեն

Անդրեյ Ղուկասյանն ընդդեմ Կարինե Վանեսյանի

#60
Անդրեյ Ղուկասյանն ընդդեմ Կարինե Վանեսյանի
Փաստերը
 
1. 2019թ․ մայիսի 15-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դատական հայց է   ներկայացրել ընդդեմ Վանաձորի «ՄԻԳ» հեռուստաընկերության լրագրող Կարինե Վանեսյանի՝ ֆեյսբուքյան էջում իրեն վիրավորանք հասցնելու համար և պահանջել  պարտավորեցնել նույն եղանակով հայցվորից ներողություն խնդրել։ Մասնավորապես՝ լրագրողը Facebook(www.facebook.com) սոցիալական ցանցի իր էջում տարածել է Youtube (www.youtube.com) սոցիալական ցանցում  հրապարակված «Այսուհետ ևս աշխատելու ենք հրապարակային և թափանցիկ» անվանումով տեսանյութը և կատարել հետևյալ գրառումը. «Աչքերդ թաքցնում ես, դիմախաղդ էլ դուրս չի գալիս Ախր, բոլ-բոլ պարգևատրել ես խորհրդականներիդ, օգնականներիդ: Ասա´ վրեդ մի քիչ աշխատեն, որ ասածներդ մի քիչ ազդեցիկ լինեն, ջանա~»:
 
2. Այնուհետև Կարինե Վանեսյանը կատարել է մեկնաբանություն հետևյալ բովանդակությամբ. 
«Լուս ջան, դա էլ մի կողմից, բայց ես իր հոգեվիճակը խորությամբ զգում եմ: Հայացքից, դիմախաղից ամեն ինչ կռահել կարելի է, սրտին դանակ խրես՝ արյուն չի կաթի: Մտահոգ է, քանզի չի հասցրել բոլորին պարգևատրել: Գործի մեջտեղից կոկորդը բռնել ենք, չգիտի առաջ գնա, թե հետ: Մի քանի ուղղորդվածներ մինչ կհասցնեն «շեղել» մարդկանց ուշադրությունը՝ շտապ-շտապ մյուսներին էլ խրախճանքի մասնակից կդարձնի: Ասել եմ ու նորից կասեմ ո~չ վայելեք այդ գումարները, հատ առ հատ քթներից գալու է: Ձեզնից ոչ մեկը արժանի չի հավելյալ գումարի, անգամ բարձր աշխատավարձի, որ ամեն ամիս հենց այնպես նվիրվում է մեր գրպանից ձեզ նման անարժաններին: Ձեզնից խելացիները տանը նստած ու անորոշ վիճակում, իսկ ձեզ նման բոմժերը պահը բաց չեն թողնում ու սկսում են խոզի նման լափել: Թու՝ ձեր նամուսին, եթե ունեք էլ»:
 
3. Դիմելով դատարան՝ Անդրեյ Ղուկասյանը փաստարկել է, որ «...Ձեզնից խելացիները տանը նստած ու անորոշ վիճակում, իսկ ձեզ նման բոմժերը պահը բաց չեն թողնում ու սկսում են խոզի նման լափել: Թու ձեր նամուսին, եթե ունեք էլ...» արտահայտությունը վիրավորական է, իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող և խնդրել է դատարանից պարտավորեցնել լրագրողին սոցիալական ցանցում հրապակավ ներողություն խնդրել։ Անդրեյ Ղուկասյանը գումարային պահանջ չի ներկայացրել։ 
 
4. Լրագրող Կարինե Վանեսյանը դատարանում պնդել է, որ իր կատարած մեկնաբանության միայն առաջին հինգ նախադասությունն են վերաբերել Անդրեյ Ղուկասյանին, իսկ վերջին չորս նախադասությունը նրան չեն վերաբերել, և խնդրել է մերժել հայցը անհիմն լինելու կապակցությամբ։ Ըստ էության այլ փաստարկ չի ներկայացրել։ Չի պնդել, որ արտահայտությունները հրապարակել է որպես լրագրող և որ տվյալ պահին գործում էր լրագրողի կարգավիճակում։  
 
5. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները գտել են, որ վիճահարույց արտահայտությունը վիրավորական է, պատիվն ու արժանապատվությունը արատավորող, ինչպես նաև, որ պատասխանողը չի հիմնավորել, որ վերջին չորս նախադասությունը չեն վերաբերել Անդրեյ Ղուկասյանին։ Այդ կապակցությամբ առաջին ատյանի դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից կատարված մեկնաբանությունը ներառում է մեկ ընդհանուր միտք, իսկ Վերաքննիչ դատարանը հետևյալ մեկնաբանությունն է կատարել․ 
 
«Վիճարկվող մեկնաբանության հիմնական միտքը պայմանավորված է հեղինակի մտահղացմամբ և նրա ընտրած թեմայով: Դրանում առկա նախադասություններն իրենց բաղադրիչներով տրամաբանորեն սերտորեն կապված են միմյանց հետ և ունեն մեկ ընդհանուր ընկալելի իմաստ, այլ կերպ ասած՝ գրառման մեջ արված ինը նախադասությունները մեկ ընդհանուր շղթա կազմելու միջոցով հանդիսանում են գաղափարական մեկ արժեք: Հետևաբար՝[առաջին ատյանի] Դատարանի այն դիրքորոշումը, որ «Պատասխանողի կողմից կատարված մեկնաբանությունը իր մեջ ներառում է մեկ ընդհանուր միտք», միանգամայն իրավաչափ է»:
 
6. Արդյունքում, Քաղաքացիական վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը և առաջին ատյանի դատարանի վճիռը թողել ուժի մեջ։ Լրագրող Կարինե Վանեսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի քննությունը դեռ ընթացքի մեջ է։
 
Վերլուծություն և եզրակացություն
 
7. Խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է որոշել․ առաջին՝ արդյոք վիճահարույց հայտարարությունը հրապարակային է, երկրորդ՝ արդյոք արտահայտությունը անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող է, եթե այո՝ արդյոք դիմումատուի վրա տարածվում են լրագրողական ազատությունների պաշտպանական համակարգերը։ Եթե այո՝ որոնք են կիրառելի տվյալ դեպքում։ 
 
8. Վիճահարույց հայտարարությունը հրապարակային է, քանի որ տարածվել է սոցիալական ցանցով՝ «հասանելի է բոլորին» եղանակով։ Համացանցում տեղադրված հայտարարությունը կամ սոցիալական ցանցում տեղադրված ստատուսը հրապարակային հայտարարություն է, եթե առնվազն երրորդ անձ հաղորդակից է դարձվում այդ հայտարարությանը։ Թիվ ԵԱԴԴ/0074/02/12 քաղաքացիական գործով վճռում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ներմուծել է «հասանելի է բոլորին» եզրույթը, ըստ որի սոցիալական ցանցերում բոլորին հասանելի եղանակով տեղադրված հայտարարությունը հրապարակային հայտարարություն է (Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան թիվ ԵԱԴԴ/0074/02/12 քաղաքացիական գործով վճիռ, Էջ 8, պարբ. 2) : Տեղեկատվական վեճերի խորհուրդը նախկինում արտահայտել է դիրքորոշում, ըստ որի «հասանելի է բոլորին» չափանիշը «մեկ երրորդ անձ» չափանիշի առավել նպատակահարմար տարբերակն է համացանցի տիրույթի համար (ՏՎԽ-ի կարծիքը «Մեկ Ազգ» կուսակցության դեմ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի հայցով դատական գործի վերաբերյալ)։  Այսպիսով, խնդրո առարկա հայտարարությունը կատարվել է հրապարակային եղանակով, հետևաբար, խնդիրը գտնվում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի տիրույթում։ 
 
9. Խնդրո առարկա հրապարակային արտահայտությունները,  մասնավորապես՝ «ձեզ նման բոմժերը պահը բաց չեն թողնում ու սկսում են խոզի նման լափել» արտահայտությունը իր բնույթով արատավորող է։ Արատավորող է համարվում այնպիսի արտահայտությունը, որը «․․․հասարակության անդամների գնահատմամբ նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում է ծաղրուծանակի, ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարհանքի առարկայի կամ ստիպում է ամաչել անձին կամ այլ մարդկանց խուսափել տվյալ անձից»։ (Վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0179/02/13 գործով որոշում, էջ 9, պարբ․ 4)  Ըստ մեկ այլ դիրքորոշման՝ «Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող»։ (Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ («Ժամանակ» օրաթերթ), քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2293/02/10: էջ 13, պարբ. 2)  Նշված չափանիշները հիմք ընդունելով, Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց արտահայտությունները իրենց բնույթով արատավորող են։ 
 
10. Լրագրողական ազատությունը օգտվում է լայն պաշտպանությունից, որպեսզի լրագրողները կարողանան իրականացնել իրենց առաքելությունը, այն է՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը, որ հասարակությունը ոչ միայն լինի տեղեկացված, այլ նաև հնարավորություն ստանա վերահսկել պաշտոնատար անձանց ու պետական մարմինների կողմից իրենց հանրային պարտականությունների կատարումը։ Այս լույսի ներքո, պաշտոնատար անձանց վերաբերյալ ցնցող, անհանգստություն պատճառող և նույնիսկ վուլգար արտահայտության օգտագործումը ինքնին հիմք չէ արտահայտությունը անօրինական համարելու համար (Տե՛ս MAGYAR TARTALOMSZOLGÁLTATÓK EGYESÜLETE AND INDEX.HU ZRT-ն ընդդեմ Հունգարիայի, թիվ 22947/13 , 02/02/2016, պարբ․ 76)։  Քանի դեռ արտահայտությունը ատելության խոսք կամ բռնության քարոզ չէ, բացարձակապես արգելված խոսք չէ, հետևաբար՝  ենթակա է գնահատման Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի ընդհանուր կանոնների ներքո: 
 
11. Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «ոճը կազմում է հաղորդակցության՝ որպես արտահայտվելու ձևի բաղկացուցիչ մաս, ու որպես այդպիսին պաշտպանված է նույնքան, որքան արտահայտվելու կոնտենտը» ։ Դա հավասարապես վերաբերում է սոցիալական ցանցերին, որի որոշ հարթակներում արտահայտվելու եղանակը աչքի է ընկնում ցածրաճաշակ ոճով ու բովանդակությամբ, որը հանգամանք է, որ նվազեցնում է նման արտահայտությունների բացասական ազդեցությունը (Տե՛ս նաև ՏՎԽ-ի թիվ 50 որոշումը)։  Այսպիսով, վուլգար արտահայտությունը կարող է հավասարապես պաշտպանված լինել այնպես, ինչպես սովորական բովանդակային խոսքը, եթե առկա են մի շարք հանգամանքներ, որոնք լրագրողներին օժտում են լայն պաշտպանությամբ։
 
12. ՏՎԽ-ն  իր նախկին որոշումներում բազմիցս անդրադարձել է այդ հանգամանքներին։ Դրանք են՝ լրատվանյութի հանրային նշանակությունը, լրագրողի նպատակը, քննադատության օբյեկտի հանրային, թե մասնավոր անձ լինելու հանգամանքը, լրատվանյութի մատուցման եղանակը, ազդեցության բնույթը, միջամտության համաչափությունը, և այլ հանգամանքներ, որոնք լրագրողական ազատության պաշտպանության կարևոր համակարգեր են։ 
 
13. Վերը նշվածը իրավական պաշտպանության կարևոր համակարգեր են, որոնք կիրառվում են լրագրողների նկատմամբ՝ նրանց ընձեռելով հատուկ պաշտպանություն։ Այդուհանդերձ, տվյալ դեպքում պատասխանողը չի վկայակոչել այդ պաշտպանական համակարգերից ոչ մեկը։ Դրա փոխարեն նշել է, որ նշված ինը արտահայտություններից միայն առաջին հինգն են վերաբերել հայցվորին, իսկ վերջին չորսը, որոնք պարունակում էին արատավորող բնույթի արտահայտություններ, չէին վերաբերում հայցվորին։ Միևնույն ժամանակ, պատասխանողը  չի ներկայացրել փաստեր իր պնդումները հիմնավորելու համար։ Ավելին, նա նախընտրել է չներկայանալ դատական նիստերին և դրանով իր պաշտպանությունը անարդյունավետ է դարձրել։ 
 
14. Խորհուրդն արձանագրում  է, որ վիճահարույց արտահայտությունը արվել է սոցիալական ցանցի մեկնաբանությունների դաշտում, որը լրագրողական գործունեության ավանդական հարթակ չէ։ Մեկնաբանության բովանդակությունը նույնպես հեռու է լրագրողական կոնտենտ համարվելուց։ Դա ավելի շատ հիշեցնում է օգտատերերի միջև մասնավոր մտքերի փոխանակում՝ սոցիալական ցանցին բնորոշ հաղորդակցության լեզվաոճով ։ Բոլոր դեպքերում, փաստերից չի բխում, որ դիմումատուն և նրա գործունեությունը տեղավորվում էին  «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված «զանգվածային լրատվություն» և «լրագրող» հասկացությունների շրջանակներում։ Ու թեև «լրագրող» հասկացությունը միջազգային իրավունքի նորմերով ավելի լայն է մեկնաբանվում, ընդգրկելով նաև լրագրողական, այդ թվում նաև բլոգերների գործունեությունը համացանցում (Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 34 Ընդհանուր մեկնաբանությունը արտահայտվելու և կարծիքի ազատության մասին, կետ 44),  սոցիալական ցանցի օգտատիրոջ գրառման ներքո կարծիք արտահայտելը տվյալ դեպքում լրագրողական գործունեություն չէ։
 
15. Նման հանգամանքում Խորհուրդը գտնում է, որ դիմումատուն չի կարող օգտվել լրագրողների իրավական պաշտպանության միջոցներից, որոնց մասին նշվեց վերևում։ Հետևաբար, դատարանների մոտեցումը, ըստ որի հրապարակային բնույթի վիրավորական արտահայտությունների գնահատումը արվեց ընդհանուր կարգով` առանց լրագրողական իրավական պաշտպանության հատուկ համակարգերի սկզբունքների կիրառումով, իրավաչափ մոտեցում էր։ 
 
16. ՏՎԽ-ն նաև գտնում է, որ դատարանների եզրահանգումն առ այն, որ վիճահարույց մեկնաբանությունը որպես ամբողջություն վերաբերում էր հայցվորին, ողջամիտ է, քանի որ բովանդակության ուսումնասիրությամբ որևէ այլ եզրակացության հնարավոր չէ հանգել։ Մասնավորապես, դատարանի եզրահանգումն առ այն, որ «ինը նախադասությունները մեկ ընդհանուր շղթա կազմելու միջոցով հանդիսանում են գաղափարական մեկ արժեք» միանգամայն համահունչ է նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքի հետ, համաձայն որի՝ արտահայտվելու ազատության միջամտության համաչափությունը պարզելու համար անհրաժեշտ է նաև հավաստիանալ, որ գոյություն ունի օբյեկտիվ կապ վիճահարույց հայտարարության և հայտարարության թիրախի միջև, և որ անձի զուտ սուբյեկտիվ կարծիքը կամ ընկալումը, որ հայտարարությունը ուղղված  է եղել իրեն, բավարար չէ (Դյուդլինն ու Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի, թիվ 25968/02, 31/07/2007, կետ 44)։  
 
17. Խորհուրդը նաև համարում է, որ տվյալ հանգամանքների ներքո դատական որոշումներն արտահայտվելու ազատության համաչափ միջամտություն են, քանի որ, առաջին` չի սահմանվել որևէ գումարային փոխհատուցման պահանջ, երկրորդ` որպես իրավական պաշտպանության միջոց լրագրողից պահանջվել է միայն հրապարակավ ներողություն խնդրել իր անձնական սոցիալական էջում։ Իրավական պաշտպանության նման միջոցները տվյալ հանգամանքում արտահայտվելու ազատությունը սահմանափակող անհամաչափ միջոցներ չեն։ 
 
18. Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Խորհուրդը գտնում է, որ լրագրողի արտահայտվելու ազատության իրավունքի խախտում տեղի չի ունեցել։ 
 
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա     Սաֆարյան - Փաստաբան 
Դավիթ Սանդուխչյան - Փաստաբան