Պատժելու անընդունակ դատավորը վերջ ի վերջո դառնում է հանցագործի մեղսակից:
Գյոթե

Էմմա Կիրակոսյանն ընդդեմ Ա-ԹիՎի հեռուստաընկերության և մի խումբ քաղաքացիների

#62
Էմմա Կիրակոսյանն ընդդեմ Ա-ԹիՎի հեռուստաընկերության և մի խումբ քաղաքացիների
Փաստերը
  1. Էմմա Կիրակոսյանը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տրամադրել կարծիք թիվ  ԵԴ/8121/02/19 դատական գործի շրջանակներում 20.07.2020թ․ կայացված վճռի կապակցությամբ։ 
  2. Նշված դատական գործով Էմմա Կիրակոսյանը ներկայացրել է վիրավորանքի և զրպարտության հիմքով դիմում` ընդդեմ մի խումբ քաղաքացիների, այն հիմքով, որ «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության կողմից հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում այդ քաղաքացիները, ովքեր իր հարևաններն են, իր վերաբերյալ կատարել են վիրավորական և զրպարտող բնույթի հրապարակային հայտարարություններ։ 
  3. Ըստ Էմմա Կիրակոսյանի` ելնելով այն հանգամանքից, որ «հաղորդման ընթացքում զրպարտիչ տվյալներ են ներկայացվել նաև տեսանյութը պատրաստած լրագրողի  կողմից, ով հանդես է եկել հաղորդաշարի անունից, նրա կողմից թույլ տրված արտահայտությունների համար պատասխանատվություն պետք է կրի նաև հաղորդաշարի կազմակերպիչ «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունը»:
  4. Էմմա Կիրակոսյանն ընդդեմ հեռուստաընկերության իր հայցադիմումը ներկայացնելը բացատրել է հետևյալ փաստարկներով (մեջբերումներ հայցից)․
    1) hաղորդման ընթացքում լրագրողը հայցվորի իրավունքները խախտած անձանց ներկայացրել է որպես օրինապահներ, տուժողներ, իսկ իրեն ներկայացրել է որպես իրավախախտ ու անհաշտ անձնավորություն,  
    2) լրագրողը (հաղորդավարը) խախտել է փաստերն օբյեկտիվորեն ներկայացնելու սկզբունքը, դրսևորել է կողմնակալություն՝ փաստերը չստուգելով: 
  5. Վերը նշված 2-րդ կետի հիմքով փաստերը դիմումատուի կողմից ներկայացվել են դիմումի 2.1.6.-2.1.8. կետերում։
  6. Միևնույն ժամանակ, Տեղեկատվական վեճերի խորհրդին ներկայացրած դիմումի մեջ Էմմա Կիրակոսյանը նշել է, որ հանդիպել է լրագրողի՝ Մերի Աբեղյանի հետ, ով հանդիպմանը եկել էր իր օպերատորի հետ, որ հրաժարվել է իրեն ձայնագրելու և տեսագրելու վերաբերյալ լրագրողի առաջարկություններից՝  պարզաբանելով, որ  ինքը ներգրավված է իրավական գործընթացքում և այդ պատճառով կարիք չունի հրապարակայնացնելու խնդիրը։ Նաև նշել է, որ լրագրողի հետ պայմանավորվել է առանց իրեն ձայնագրելու և տեսագրելու ներկայացնել իրավական խնդիրը և փաստերը, սակայն լրագրողը հանդիպման ընթացքում գաղտնի կերպով ձայնագրել է իրեն, իսկ իր հետ եկած օպերատորի «օգնությամբ նաև տեսագրել է հանդիպումը»։
  7. Էմմա Կիրակոսյանը ՏՎԽ-ին ուղղված դիմումում նաև հայտնել է, որ հեռուստաընկերությունը ողջ տեսանյութը պարբերաբար հրապարակել է իր կայքում, սակայն դա արել է այնպիսի խմբագրումներով, որ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող էր ձևավորվել տպավորություն, որ ինքը կատարել է անօրինություններ, մինչդեռ պատասխանողները այդ տեսանյութերը ներկայացրել են դատարանում որպես փաստական տվյալ` ընդդեմ Էմմա Կիրակոսյանի։ Նաև հայտնել է, որ իր մոտ տպավորություն է ձևավորվել, որ հեռուտաընկերությունը դա արել է` պատասխանողների հետ պայմանավորված, որպեսզի վերջիններիս հնարավորություն ունենան տեսանյութը իր դեմ օգտագործել որպես ապացույց` դատական վեճի լուծման նպատակով։  
  8. Սույն թվականի հուլիսի 10-ին դատարանը ամբողջությամբ մերժել է Էմմա Կիրակոսյանի հայցը։ 
  9. Դիմելով Խորհրդին` Էմմա Կիրակոսյանը խնդրել է տրամադրել մասնագիտական կարծիք դատական գործով կայացված վճռի վերաբերյալ, քանի որ գտնում է, որ դատարանը կայացրել է ապօրինի վճիռ։ 
 
Վերլուծություն և եզրակացություն (եզրահանգում)
 
10. Խորհուրդը կարող է տրամադրել մասնագիտական կարծիք բացառապես տեղեկատվական բնույթի վեճերի վերաբերյալ։ Հետևաբար, Խորհուրդը չի կարող անդրադառնալ Էմմա Կիրակոսյանի հայցապահանջի այն մասին, որը վերաբերում է քաղաքացիների կողմից նրա վերաբերյալ ենթադրաբար վիրավորական ու զրպարտող բնույթի հայտարարություններ կատարելուն, նույնիսկ եթե այդ կարծիքները հնչել են լրատվամիջոցի տրամադրած հարթակում։ Լրատվամիջոցները չեն կարող պատասխանատվություն կրել այլոց հրապարակային հայտարարությունների համար:   
11. Ինչ վերաբերում է հայցապահանջի այն մասին, որ հեռուստաընկերության հաղորդավարը իր հրապարակային գնահատականներով խախտել է իր արժանապատվությունը՝ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, Խորհուրդը գտնում է, որ այդ արտահայտությունները պետք է գնահատել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի չափանիշների ու սկզբունքների ներքո։ 
12. Դիմումատուն հաղորդավարի վերաբերյալ փաստերը ներկայացրել է դիմումի 2.6.1 – 2.6.8 կետերում (տե՛ս կից դիմումը): 
13. Ըստ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի` որպեսզի հրապարակայնորեն հնչեցված արտահայտությունը համարվի վիրավորական կամ զրպարտող, դա պետք է լինի, նախ և առաջ, արատավորող բնութի։ Սա կարևոր նախապայման է` այսպես կոչված նվազագույն շեմ, որպեզի անձի հասցեին ցանկացած անհաճո արտահայտություն հիմք չհանդիսանա դատական գործեր հարուցելու համար։  
14. Ըստ դատարանների կողմից «արատավորող» բառին տրված մեկնաբանության` արատավորող են «Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանում, թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը։ Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող» Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ («Ժամանակ» օրաթերթ), քաղ. գործ № ԵԿԴ/2293/02/10:  
15. Ըստ մեկ այլ մեկնաբանության՝ «Պատիվը, արժանապատվությունը կոնկրետ ֆիզիկական անձի որակների (հատկանիշների) մասին ձևավորված կարծիքն է հասարակության մեջ» Վերաքննիչ քաղաքացիական դատարանի Գևորգ Հայրապետյանն ընդդեմ Մուլտի Մեդիա Գրուպ ՓԲԸ ԵԱԴԴ/0003/02/11 գրրծով 15.09.2011թ. որոշում:։ 
16. Այսպիսով, անձի վերաբերյալ իր սուբյեկտիվ ընկալմամբ ցանկացած բացասական կարծիք  ինքնին դեռ արատավորող չէ, անհրաժեշտ է, որ դա` որպես այդպիսին, գնահատվի  նաև օբյեկտիվորեն։ Օրենսդիրը այդպիսի օբյեկտիվ գնահատող է համարում հասարակությանը՝ ըստ ձևավորված հասարակական-բարոյական նորմերի, հասարակական պատկերացումների, հասարակական արժեհամակարգի, թե արդյոք տվյալ բառը կամ արտահայտությունը հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի է համարվում։  
17. Վերը նշված չափանիշի ներքո գնահատելով հաղորդավարի հնչեցրած արտահայտությունները` Խորհուրդը գտնում է, որ դրանք չեն պարունակում դիմումատուի պատիվը կամ արժանապատվությունը արատավորող բնույթի արտահայտություններ։ 
18. Օրինակ, այնպիսի արտահայտություն, ինչպիսին է՝  «Երևանի  Արաբկիրի  վարչական  շրջանի  այս  տաղավարում հարևաններն ահ ու դողով են սպասում փոստատարի ժամանմանը» կամ «դրանից հետո հիշեք, որ պաշտպանվելու փոխարեն հարձակվելու տարբերակ կա», կարող էին ցնցել ու անհանգստացնել դիմումատուին, քանի որ հաղորդավարը դիմումատուի կերպարը ներկայացնում էր բացառապես բացասական լույսի ներքո։ Այդուհանդերձ, դրանք այն աստիճանի բացասական ու պարսավելի իմաստավորում չունեին, որ համարվեին արատավորող՝ դատարանների կողմից այդ արտահայտությանը տված իրավական բովանդակության համաձայն։ 
19. Ինչ վերաբերում է նույն արտահայտությունների էթիկական բովանդակությանը, Խորհուրդը ձեռնպահ է մնում է դրա վերաբերյալ կարծիք արտահայտել, քանի որ դա իր իրավասություններից դուրս է, և այդ առաքելությունն առաջարկում է կատարել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին։ 
20. Ինչ վերաբերում է  դիմումատուի պնդմանը, որ լրագրողը և օպերատորը իրեն գաղտնի կերպով տեսաձայնագրել են, այս իմաստով, Խորհուրդը նույնպես ձեռնպահ է մնում կարծիք արտահայտել՝ դրանք հիմնավորող փաստերի ու ապացույցների բացակայության պատճառով։ Բացի այդ, դիմումատուն այդ հանգամանքը չի վիճարկել դատարանում։ Այդուհանդերձ, գաղտնի տեսաձայնագրելու խնդիրը նույնպես կարող է դառնալ Դիտորդ մարմնի քննության առարկա։
21. Դիմումատուն իր դիմումում նաև հայտնել է, որ հեռուստաընկերությունը ողջ տեսանյութը պարբերաբար հրապարակել է իր կայքում, սակայն դա արել է այնպիսի խմբագրումներով, որ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող էր ձևավորվել տպավորություն, որ ինքը կատարել է անօրինություններ, մինչդեռ պատասխանողները այդ տեսանյութերը ներկայացրել են դատարանում որպես փաստական տվյալ` ընդդեմ Էմմա Կիրակոսյանի։ Նաև հայտնել է, որ իր մոտ տպավորություն է ձևավորվել, որ հեռուտաընկերությունը դա արել է պատասխանողների հետ պայմանավորված, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան տեսանյութը իր դեմ օգտագործել որպես ապացույց` դատական վեճի լուծման նպատակով: Խորհուրդը գտնում է, որ նշված պնդումները չեն առնչվում վիրավորանքի կամ զրպարտության մասին հայցապահանջի առարկային։
22. Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ դիմումը չի բարձրացնում օրենքի խախտման որևէ հարց։ 
 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան - Փաստաբան 
Դավիթ Սանդուխչյան - Փաստաբան