Մեղավորը վախենում է օրենքից, անմեղը՝ ճակատագրից:
Պուբլիլիոս Սիրոս

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն ընդդեմ Հրապարակ օրաթերթի

#64
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն ընդդեմ Հրապարակ օրաթերթի
Գործի հանգամանքները
 
1. Սույն թվականի մայիսի 25-ին «Հրապարակ» օրաթերթը և hraparak.am կայքը հրապարակել են «Խորհրդարանում նյու Շմայս է հայտնվել» վերնագրով նյութ։ Այն մինչև այժմ հասանելի է ընթերցողների համար հետևյալ բովանդակությամբ․ 
 
«Իմ քայլի» ամենաօդիոզ պատգամավոր Հայկ Սարգսյանին խորհրդարանում «Նյու Շմայս» են անվանում: Ըստ ԱԺ աղբյուրների` նա նաև կադրերի, բիզնես հարցերի լոբբինգով է զբաղված։ Կասկածներ կան ոչ միայն Վերահսկողական ծառայությունում հեմոդիալիզի քրգործում նրա դերակատարման մեջ, այլեւ որ նա էր կլինկերի լոբբինգ անում խորհրդարանում` հանուն Մհեր Սեդրակյանի որդու, որի հետ շփումներ ունի: Բակո Սահակյանի՝ «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Հայկ Սարգսյանն Արցախի նախագահին ասել է, որ Քոչարյանին ու նրա համակիրներին պետք է «ասել», որ դատարանի բակում երաժշտությունը ցածր միացնեն, չպարեն. այդ բակում են նաև 10 զոհերի հարազատները, որոնք վիշտ ունեն։ «Կարծում ենք` Հայկն առանց բարձր իշխանությունների գիտության չի գործում»,- ասաց մեր աղբյուրը»:
 
2. Հայկ Սարգսյանը վիրավորանքի ու զրպարտության հիմքով 21.06.19թ. հայց է ներկայացրել Երևան քաղաքի դատարան դատարան՝ պնդելով, որ հրապարակման վերնագիրը վիրավորական է, քանի որ հեղինակն իրեն համեմատել է հասարակությունում բացասական հեղինակություն ունեցող անձի հետ, իսկ մի շարք արտահայտություններ զրպարտող բնույթի են, ինչպես օրինակ, որ իրեն խորհրդարանում «Նյու Շմայս» են անվանում, որ «Հայկ Սարգսյանը զբաղվում է կադրերի լոբբինգով, ինչպես նաև, որ նա զբաղվում է բիզնես հարցերի լոբբինգով», որ «Իբրև թե կասկածներ կան ոչ միայն Վերահսկողական ծառայությունում հեմոդիալիզի քրգործում նրա դերակատարման մեջ, այլև որ նա էր կլինկերի լոբբինգ անում խորհրդարանում` հանուն Մհեր Սեդրակյանի որդու, որի հետ շփումներ ունի»։ 
 
3. Հայկ Սարգսյանը խնդրել է դատարանից բավարարել իր հայցը և պարտավորեցնել պատասխանող լրատավամիջոցին որպես փոխհատուցում վճարել 500.000 դրամ զրպարտության և 300.000 դրամ վիրավորանքի համար:
 
4. Դատարանը բավարարել է հայցը միայն զրպարտության մասով, գտնելով, որ վերը նշված արտահայտություններն արատավորող են, իրենց բնույթով զրպարտող են, քանի որ պատասխանող լրատվամիջոցը չի ապացուցել դատական քննության ընթացքում դրանց ճշմարտացիությունը։ Ինչ վերաբերում է վիրավորանքի հիմքով հայցը մերժելուն, դատարանը եզրահանգել է, որ հրապարակման վերնագիրը չի կարող համարվել վիրավորանք, քանի որ բացակայել է անձին վիրավորելու դիտավորությունը, վերնագիրը բխել է հոդվածի բովանդակությունից. հոդվածագիրը համեմատել է ԱԺ պատգամավորի գործունեությունը ԱԺ նախկին պատգամավորի գործունեության հետ՝ զուգահեռներ տանելով երկու պատգամավորների գործունեության միջեւ։ Այդ հիմքով դատարանը եզրակացրել է, որ վերնագիրն ըստ էության լրատվամիջոցի քննադատությունն է ուղղված Ազգային ժողովի պատգամավորի գործունեությանը և հրապարակման բովանդակությունից պարզ է, թե ինչու է հեղինակը Հայկ Սարգսյանի գործունեությունը համեմատել մեկ այլ պատգամավորի գործունեության հետ։ 
 
5. Բավարարելով փոխհատուցման պահանջը՝ դատարանն էապես նվազեցրել է պահանջվող գումարի չափը և սահմանել 50,000 դրամ որպես փոխհատուցում զրպրատության համար և 150,000 դրամ՝ փաստաբանի վարձատրություն։  
 
Վերլուծություն և եզրակացություն
 
6. Խորհուրդը ողջունում է վիրավորանքի մասով հայցը մերժելու մասին դատարանի որոշումը։ Խորհուրդը գոհունակությամբ է արձանագրում դատարանի եզրահանգումն առ այն, որ լրագրողը չի ունեցել վիրավորելու մտադրություն և որ նրա նպատակը եղել է Ազգային ժողովի պատգամավորի գործունեությունը մեկ այլ պատգամավորի գործունեության հետ համեմատելը՝ զուգահեռներ տանելով երկու կերպարների միջև, որը հետապնդել է իրավաչափ նպատակ։  
 
7. Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ դատարանի վճիռն ունի լուրջ թերություններ։ Դատարանը հաշվի չի առել ՀՀ սահմանադրական դատարանի եզրահանգումն առ այն, որ արարքը զրպարտություն համարվելու համար պետք է իր բնույթով հանցանք կամ զանցանք լինի։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը սահմանել է հետևյալը․ 
 
«Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի  մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում։ Այս տրամաբանությունն է դրված նաև քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում:» (ՍԴՈ-997 որոշում, էջ 21, պարբ․ 4): 
 
8. Վերջին նախադասությամբ Սահմանադրական դատարանն ըստ էության սահմանել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում օգտագործված հասկացությունները նույնպես պետք է մեկնաբանվեն միջազգային իրավունքի համաձայն՝ ինչպես նշված է մեջբերման մեջ։ Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի որոշումները օրենքից բարձր իրավաբանական ուժ ունեն, դատարանի այդ սահմանումը պետք է աներկբա հիմք լինի դատարանների համար 1087.1 հոդվածը կիրառելիս։ 
 
9. Սահմանադրական դատարանի այդ սահմանումը պատահական չէր։ Դրանով դատարանը ամրագրել է մի մոտեցում, որ ցանկացած, սուբյեկտիվորեն անբարյացակամ ընդունվող, ցնցող, անհանգստություն պատճառող արտահայտություն զրպարտություն չհամարվի, քանի որ հակառակ դեպքում խիստ կվտանգվի լրագրողական ազատությունը, որը շատ կարևոր է ժողովրդավարական հասարակությունում։ 
 
10. Այլ կերպ ասած, Սահմանադրական դատարանը սահմանել է վիրավորանքի և զրպարտության նվազագույն, բայց որոշակիորեն բարձր շեմ, որ անձի վերաբերյալ իր սուբյեկտիվ ընկալմամբ ցանկացած անբարյացակամ  արտահայտություն իրավաբանորեն չհամարվի վիրավորանք կամ զրպարտություն, որպեսզի լրագրողական ազատություններն անհարկի չսահմանափակվեն։ Այդ նվազագույն շեմը, փաստորեն, սահմանված է արտահայտության «արատավորող» բնույթի շրջանակում։ 
 
11. Այսպիսով, անձի կողմից անբարյակացակամ ընդունվող, անձին ցնցող, անհանգստություն պատճառով ցանկացած խոսք դեռեւս չի համարվում արատավորող բնույթ ունեցող՝ 1087.1 հոդվածի իմաստով։ 
 
12. Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանի այդ սահմանումը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնի  մոտեցման հետ, ըստ որի՝ արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, թիվ 9815/82, 08/07/1986, կետ 41):
 
13. Հաշվի առնելով վերը նշվածը, սույն գործով դատարանը շեղվել է Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումից և, արդյունքում, էապես նվազեցրել է զրպարտության շեմը, ինչի արդյունքում վտանգվել է լրատվամիջոցի՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատությունը։ Մասնավորապես, «կադրերի, բիզնես հարցերի լոբբինգով զբաղվելը», «Վերահսկողական ծառայությունում հեմոդիալիզմի քրգործում դերակատարություն» ունենալը, Խորհրդարանում «կլինկերի լոբբինգ անելը», «Սեդրակյանի որդու հետ շփումներ ունենալը» ՀՀ օրենքներով հանցավոր արարքներ չեն, և ոչ էլ զանցանք են։ Հետևաբար, նման արարքները անձին վերագրելը զրպարտություն չի կարող համարվել։ Ավելին, դատարանը թերացել է և քննության միջոցով չի փորձել պարզել, թե արդյոք լրագրողը տվյալ արտահայտություններով հայցվորին վերագրել է հանցավոր կամ զանցավոր արարքներ։ Օրինակ, դատարանը չի պարզել, թե արդյոք «կլինկերի լոբբինգ անել» արտահայտությունը օգտագործելիս լրագրողը նկատի է ունեցել, որ Հայկ Սարգսյանը որպես պաշտոնատար անձ զբաղվել է անօրինական, հանցավոր գործունեությամբ, թե՞ լրագրողը այդ արտահատությունը հնչեցրել է հռետորաբանորեն։ Դրա փոխարեն, դատարանը վերացականորեն, իր ներքին համոզմամբ որոշել է, որ նշված արտահայտություններով լրագրողը զրպարտել է Հայկ Սարգսյանին։ 
 
14. Եթե նման մոտեցումը դառնա դատական պրակտիկա, անձի նկատմամբ իր սուբյեկտիվ ընկալմամբ ցանկացած անբարյացակամ կարծիք կամ փաստացի հայտարարություն կարող է որակվել զրպարտություն՝ անկախ այն հանգամանքից, թե անձին վերագրվող տվյալ արարքն իր բնույթով հանրային վտանգավորություն ներկայացնող հանցագործություն է, թե հասարակական կարգը վտանգող զանցանք։ Սրա հետեւանքով էապես կտուժեն լրագրողական իրավունքները և ազատությունները, իսկ դրա արդունքում՝ նաև տեղեկությունների ազատ հոսքը։ 
 
15. Խորհուրդը գտնում է, որ նշված դատական ակտն անիրավաչափ է, քանի որ դրանով անհամաչափորեն սահմանափակվել է լրատվամիջոցի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը։ 
 
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
 
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան - «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան - Փաստաբան 
Դավիթ Սանդուխչյան - Փաստաբան