Պատժելու անընդունակ դատավորը վերջ ի վերջո դառնում է հանցագործի մեղսակից:
Գյոթե

ԵՊՀ–ն հաղթեց դատարանում Հ1-ի եթերում վիրավորական արտահայտություններ արած մագիստրոսին

03/24/2013

 

Սիրեկան Եղիազարյանը փորձել էր ընդունվել Մայր բուհ: Չէր ստացվել, և նա Հանրային հեռուստաընկերության եթերում «Բանաձև» ՍՊԸ կողմից պատրաստվող «Ականատես» հաղորդաշարի ընթացքում իրեն թույլ էր տվել արտահայտություններ, որոնց համար հիմա ստիպված է ներողություն խնդրել: Ինչպես հաղորդում է ԵՊՀ մամլո ծառայությունը, ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Սիրեկան Եղիազարյանը փորձել էր ընդունվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի հեռակա ուսուցման մագիստրատուրայի բաժին` ակնկալելով ստանալ մագիստրոսի աստիճան: Սակայն, ինչպես տեղեկացնում է Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Գրիգոր Բեքմեզյանը, նա վատ էր գրել քրեական իրավունքի քննական աշխատանքը և ստացել անբավարար գնահատական: Եղիազարյանը քննությունների արդյունքները բողոքարկել էր` դիմելով մինչև Կրթության և գիտության նախարարություն:
 
Աշխատանքը վերանայելու համար կազմված հանձնաժողովը եզրակացրել էր, որ անբավարար գնահատականը նշանակվել է օբյեկտիվորեն: «Այդ ժամանակ Սիրեկան Եղիազարյանը և Հ1 հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Բանաձև» ՍՊԸ-ի պատրաստած «Ականատես» հաղորդումը կատարվածը ներկայացրել էին այնպես, թե իբր hամալսարանում չեն պայքարում կոռուպցիայի դեմ, իսկ Քրեական իրավունքի ամբիոնը նպաստում է կոռուպցիայի զարգացմանը, ընդ որում` նշել էին ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի անունը»,- մանրամասնում է դոցենտ Գրիգոր Բեքմեզյանը: Հաղորդման շրջանակներում Սիրեկան Եղիազարյանի և հաղորդավարի կողմից համալսարանի և պարոն Գաբուզյանի հասցեին հնչել էին նաև այլ վիրավորական ու զրպարտիչ արտահայտություններ: Շատ լավ հասկանալով մեղադրանքների անհիմն լինելը, սակայն նպատակ ունենալով պաշտպանել համալսարանի և Արա Գաբուզյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը` որոշում էր կայացվել Գրիգոր Բեքմեզյանի գլխավորությամբ դիմել դատարան և դատական պաշտպանությունն իրականացնել Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտներ Տիգրան Մարկոսյանի և Սիմոն Ֆարմանյանի ու ուսանողների միջոցով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայցը բավարարեց մասնակիորեն՝ բավարարելով պահանջները Արա Գաբուզյանի, սակայն մերժելով ԵՊՀ-ի մասով: Իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները, որոնք ևս ներգրավված էին ԵՊՀ-ին և Արա Գաբուզյանին պաշտպանելու գործընթացներում, դատարանի կայացրած վճռի դեմ պատրաստեցին վերաքննիչ բողոք, որի միջոցով վճիռը բողոքարկվեց: Քաղաքացիական վերաքննիչ դատարանը բավարարեց ուսանողների կողմից պատրաստված և ԵՊՀ-ի կողմից ներկայացված բողոքը:
 
Վերաքննիչ դատարանի որոշումը Սիրեկան Եղիազարյանի կողմից բողոքարկվեց ՀՀ վճռաբեկ դատարանում, սակայն ապարդյուն: Արդյունքում օրինական ուժ ստացավ վճիռը, որով Սիրեկան Եղիազարյանը և «Բանաձև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր են հրապարակայնորեն ներողություն խնդրել Երևանի պետական համալսարանից և Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից` արժանապատվությունը վիրավորելու և գործարար համբավն արատավորելու համար: «Այսպիսով` հաղորդման ընթացքում հնչած արտահայտություններն իրականում զրպարտիչ էին և իրականությանը չեն համապատասխանում: Այս ամենը մինչև Վճռաբեկ դատարան ապացուցվեց նաև ուսանողների ջանքերով, ինչը փաստում է, որ մեզ մոտ կրթությունը միայն տեսական հարթության վրա չէ. մեր ուսանողները հաջողությամբ զբաղվում են նաև պրակտիկ իրավաբանությամբ»,- շեշտում է Գրիգոր Բեքմեզյանը: 
 
Այս գործի վերաբերյալ ՏՎԽ-ի կարծիքը տես՝ http://www.idcarmenia.am/hy/idc-conclusion-15