Մեղավորը վախենում է օրենքից, անմեղը՝ ճակատագրից:
Պուբլիլիոս Սիրոս

Արա Ղազարյան. Վիրավորանքի ու զրպարտության գործերով ձևավորվել է կայուն դատական պրակտիկա

07/23/2013
«Փաստինֆո» գործակալության  զրուցակից Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` սույն հարզազրույցի շրջանակներում  վերլուծում է  լրատվական ոլորտում արձանագրված զարգացումները, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:  
 
Հարց. - Պրն. Ղազարյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել են լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումները, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ու ճնշումների դեպքերը: Այդ դեպքերի աճը լրագրողական կազմակերպությունը պայմանավորում է մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններով: Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությամբ վիճակը լրատվական դաշտում, ի՞ նչ զարգացումներ կան՝ դրական կամ բացասական: 
 
Պատասխան. - Մենք զբաղվում ենք միայն վիրավորանքի ու զրպարտության գործերով, այդ գործերով, կարծում եմ, վիճակը մնացել է նույնը, ինչ որ նախորդ եռամսյակում և նախորդ տարվա վերջին, այսինքն՝ ամսվա կտրվածքով գրեթե զրոյական մակարդակի  են նոր գործերը: Հիմա տեսնում ենք միայն մեկ նոր գործ.  փաստաբան Ավանեսյանը, ով դատապարտվել է ու պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում,  մի քանի լրատվամիջոցների դեմ նույնաբովանդակ հայցեր է ներկայացրել  լրատվամիջոցների կողմից զրպարտող բնույթի հայտարարություններ տարածելու մասին: Դա է միակ նոր գործը, մնացածն ավելի հին գործեր են, որոնք  արդեն ավարտական փուլում են գտնվում կամ էլ բողոքարկվում են վերադաս ատյաններում։ Ընդհանուր առմամբ, ամսվա կտրվածքով գործերի քանակը, դրանց բնույթը, իրավիճակը նույնն է: Այսօր դատարանները պաշտպանում են լրատվամիջոցներին, լրագրողներին՝ վիրավորանքի, զրպարտության գործերով. կայուն,  հաստատված դատական պրակտիկա ունենք Հայաստանում, մնում է դա պահել: 
 
Բացի այդ, չեմ տեսնում միտում, որ ինչ-որ քաղաքական ֆրակցիաների, օլիգարխների կողմից նախապատրաստվեն գործեր ընդդեմ լրատվամիջոցների՝ լռեցնելու նպատակով։ Գուցե տնտեսական ինչ-ինչ խմբավորումների, օլիգարխների կողմից նման երեւույթ նկատվում էր մինչեւ 2011թ. կեսերը, սակայն հիմա մենք տեսնում ենք իսկապես քաղաքացիական բնույթի վեճեր՝ երկու կազմակերպությունների կամ մեկ անձի և լրատվամիջոցի միջև։ Քաղաքացին գտնում է, որ խախտվել է իր ինչ-ինչ քաղաքացիական, անհատական իրավունքը եւ դիմում է ընդդեմ լրատվամիջոցի, իսկ եթե հատուցման բարձր գումար է պահանջում,   ապա դատարանը դա նվազեցնում է։ Այսինքն՝ թաքնված ինչ-որ միտումներ այս պահի դրությամբ ես չեմ տեսնում:
 
Հարց. Ի՞նչ գործեր կառանձնացնեիք:
 
Պատասխան.  Մի գործ,  որ օրերս  ավարտվեց. խնդրո առարկա հարցն է, թե արդյոք վիրավորական, զրպարտող արտահայտություններ պարունակող էլեկտրոնային նամակը, որը մի անձի կողմից ուղարկվել է մեկ այլ անձի, ենթակա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝  Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները, կարգավորմանը: Ի ուրախություն ինձ՝ դատարանը հայտարարեց, որ դա հրապարակային  հայտարարություն  չէ, որովհետև երրորդ անձը հաղորդակից չէր դարձել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե դատարանը հայտարարեր, որ էլեկտրոնային նամակը դա հրապարակային է, փորձեր զուգահեռներ անցկացնել Ֆեյսբուքի հետ. սկանդալ կլիներ: Այդ դեպքում բոլոր email-ները այլևս կարելի էր դիտել որպես հրապարակային, իսկ դա նշանակում է, որ ոստիկանությունը կարող է դրանք ստուգել, որպեսզի հանցագործության մասին հաղորդումներ գտնի, ինչպես  ԶԼՄ-ների մոտ՝ դրանից բխող հետևանքներով: Բայց լավ է, որ դատարանը այդտեղ էլ գտնվեց իր բարձրության վրա. դա Գյումրիի դատարանն էր՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, որը մերժեց հայցը՝ ասելով, որ էլեկտրոնային նամակը հրապարակային հայտարարություն չէ: 
 
Հարց. Զրպարտությունը և վիրավորանքը ապաքրեականացնելուց հետո ինչպիսի՞  միտումներ  եք նկատել:
 
Պատասխան. Ապաքրեականացնելուց հետո միտումները դեպի շատ վատն էին գնում մինչև 2011թ. վերջը: 2012թ. սկզբին արդեն քաղաքականություն ձևավորող երկու դատարաններ՝ Սահմանադրական  և Վճռաբեկ դատարանները, սկսեցին  ուղեցույց տալ դատարաններին և նրանք սկսեցին սկզբունքներն արդեն կիրառել նորովի՝ ավելի շատ պաշտպանության տակ վերցնելով լրատվամիջոցներին, լրագրողներին, նաև՝  ազատ խոսքը: Կոնկրետ գործերի վերլուծությունը ցույց է տալիս, որ միտումն  այսօրվա դրությամբ գնում է դրական ուղղությամբ, և մնում է միայն այսքանը պահել: Եվ ինչքան շատ այսպես մնա, այնքան  ավելի կայուն կդառնա դատական պրակտիկան, այնքան ավելի մշակույթը կայուն կդառնա։ Մնում է, որ հանկարծ դիկտատոր չգա եւ դիկտատուրա չձեւավորվի, որպեսզի այս մի քանի տարվա աշխատանքը ջուրը չլցվի: 
 
Տեղեկատվական վեճերի խորհուրդն անդրադառնում է երևույթներին,  անկախ գործի ծավալից, եթե տեսնում է նոր երևույթ, որը ազատ խոսքի պաշտպանության շրջանակներին է վերաբերում, ապա կարծիք է արտահայտում, օրինակ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին, որը լրատվամիջոցները հաճախ են խախտում: Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր նշանածի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Ցայգ» հեռուստաընկերության՝ վերջինս դատավարությունը լուսաբանելիս անզգույշ արտահայտություններ է թույլ տվել մեղքի մասին: Նախկին որոշումներից մեկով ՏՎԽ-ն ասել է, որ ցանկալի է, որպեսզի անմեղության կանխավարկածի սկզբունքը սահմանվի որպես ինքնուրույն քաղաքացիական հարաբերությունների օբյեկտ և մշակվի առանձին ինքնուրույն մեխանիզմ ինչպես, օրինակ, վիրավորանքի, զրպարտության գործերով: Այսօր, եթե անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտվում է, մարդիկ դատարան են դիմում 1087.1-րդ հոդվածով նախատեսված զրպարտության հիմքով, բայց այդ հոդվածը շատ առանձնահատուկ կառուցվածք ունի, որի նպատակն է ավելի շուտ պաշտպանել լրատվամիջոցներին, լրագրողներին, և անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման հարցում անձի պաշտպանության անարդյունավետ մեխանիզմ է: Ուրեմն պետք է նոր մեխանիզմ ձեւավորել։ Իմ կարծիքով, այստեղ կա նաև հակասահմանադրականության խնդիր, քանի որ անմեղության կանխավարկածի սկզբունքը մեր մոտ դիտվում է միայն որպես քրեադատավարական կատեգորիա, մինչդեռ իրականում անմեղության կանխավարկածը խախտվում է ոչ թե քրեական դատավարության ընթացքում՝ քննիչի, դատախազի  կամ դատարանի կողմից, այլ առավելապես քաղաքացիաիրավական հարաբերություններում: Օրինակ՝ լրատվամիջոցները լուսաբանում են դատական  գործը և թույլ տալիս այնպիսի ձեւակերպումներով,որով խախտվում  է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Դե, եթե կա իրավահարաբերություններում այդ երևույթը, ուրեմն այն իր արտացոլումը  պետք է ստանա օրենքի մեջ։ Հիմա մենք  երևույթն ունենք, քաղաքացիական հարաբերություններում այդ խնդիրը կա,  բայց Քաղաքացիական օրենսգրքում չկա հիմք, որով անձը կարող է դիմել դատարան և հայցել պաշտպանություն անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման դեպքում: Կա վիրավորանք և զրպարտություն, բայց, կրկնում եմ, դա անարդյունավետ մեխանիզմ է տվյալ հարաբերությունների համար:               
 
Հարց. Իսկ միջազգային պրակտիկայում  ինչպե՞ս են նման հարցերը կարգավորվում:  
 
Պատասխան. Միջազգային պրակտիկայում շատ երկրներում խնդիրը հստակ քաղաքացիական իրավունքի շրջանակների մեջ է գտնվում. եթե լրատվամիջոցը խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ապա նա ոչ միայն ներողություն է խնդրում,  եթե  հայցվորը դա պահանջում է, այլ նաև դրամական  փոխհատուցում  տալիս։ Այսինքն՝ բարոյական վնասի դիմաց տալիս է նյութական փոխհատուցում, և սա շատ արդյունավետ, զսպող ազդեցություն կարող է ունենալ անպատասխանատու լրատվության դեմ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման դեպքում: Եթե լրատվամիջոցը չի ենթարկվում որևէ դրամական, նյութական պատասխանատվության, ապա հանգիստ խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Օրենսդրական բացը պետք է լրացնել, բայց նախևառաջ պետք է քննարկումներ ծավալել։ 
 
Հաջորդ զարգացումը վերաբերում է «Ժողովուրդ»  օրաթերթի և Խաչիկ  Խաչատրյանի միջև վեճին: Օրաթերթի լրագրողը կանգնած է փաստի առաջ. դատարանում ապացուցվել է, որ իրեն վիրավորել են, և վիրավորողը չի հերքում, որ լրագրողին անպատվաբեր, անպարկեշտ խոսք է ասել, բայց նա հանգիստ այդ մասին դատարանում արտահայտվում է, որովհետև գիտակցում է, որ պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ ոչ հրապարակային է եղել, երրորդ անձ հաղորդակից չի եղել, հեռախոսով է եղել: Սահմանադրության 14-րդ հոդվածն ասում է՝ Մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից: Եթե յուրաքանչյուր ոք ունի այդ իրավունքը, ուրեմն այն պաշտպանելու մեխանիզմը պետք է արտացոլված լինի օրենքում անկախ նրանից, թե խոսակցությունը հրապարակային է եղել, թե ոչ, երրորդ անձ ներկա եղել է, թե ոչ, բայց Քաղաքացիական օրենսգիրքը 2010թ. մայիսից որոշեց պաշտպանել միայն հրապարակային արտահայտված վիրավորական կամ զրպարտող խոսքերից: ՀՀ ՍԴ-ն իր հայտնի 997-րդ որոշման մեջ Ազգային ժողովից պահանջել է անհապաղ  քննարկումներ սկսել այդ իրավական բացի վերաբերյալ, սա պետք է լուծվեր 2011-ի նոյեմբերին, մինչև հիմա ՍԴ որոշումը չի կատարվել, Ազգային ժողովը դեռ այդ հարցին չի անդրադարձել:  
 
Վերջին ժամանակների իսկապես խնդրահարույց, տարօրինակ դատական որոշումների շարքից էր «Իջևան» ստուդիա ՍՊԸ-ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ Իջևանի ճանապարհաշինարարական ՓԲԸ-ի հայցի դատական գործով կայացված որոշումը, որը փաստաբանները մինչև հիմա չեն կարողանում ընբռնել։ Ի՞նչ էր տեղի ունեցել. լրատվամիջոցը գործը շահել է դատարանում, որովհետև հայցն ամբողջությամբ  մերժվել է, բայց զարմանալի էր, որ դատարանը որոշել էր հայցվորին փոխհատուցելու պահանջ դնել պատասխանողի վրա: Երբ խորամուխ ենք լինում դատական ակտի մեջ, տեսնում ենք, որ դատարանը իրավական դիրքորոշում է  արտահայտել, որ  զրպարտություն եղել է, որովհետև լրագրողը չի կարողացել հիմնավորել իր ասածի ճշմարտացիությունը: Բայց քանի որ պատասխանողները՝ լրատվամիջոցն ու լրագրողը, գտնվում են տնտեսական վատ վիճակում, ելնելով նրանց գույքային դրությունից,  ինչպես Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշման մեջ  նշել է, որոշում է մերժել հայցը: Եթե դատարանը խախտում ճանաչեր, նա  պետք է, պարտավոր էր  մասնակի բավարարեր այն հիմքով, որ տեղի է ունեցել զրպարտություն, բայց փոխհատուցման պահանջն ամբողջությամբ մերժեր՝ ելնելով գույքային վիճակից: Անհասկանալի է, թե ինչպես կարելի է խախտում չճանաչել, մերժել հայցը, բայց պատասխանողին պարտավորեցնել, որպեսզի նա փոխհատուցի: Նման դիրքորոշումները քրեական դատավարությունում անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում են: Եվրոպական դատարանը բազմաթիվ դատական ակտեր ունի,  որտեղ անձի անմեղության կանխավարկածի խախտում է որակել, եթե օրինակ, անձը շահել է դատական գործը, արդարացվել է,  բայց ինչ-ինչ դատական ծախսեր դրվել են նրա վրա, կամ դատաքննության ժամանակ մեղադրվող անձը մահացել է, դատական ծախսերը դրվել են նրա իրավահաջորդների վրա, որովհետև դատախազն ասել է, որ եթե դատաքննությունը շարունակվեր,  եթե նա չմահանար, ապա հաստատ դատապարտվելու էր։ Այսօրինակ դեպքերը Եվրոպական դատարանը դիտարկել է որպես  անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում: Ես կարծում էի, որ վերաքննիչ դատարանը դատական ստուգման ընթացքում կբեկանի այս որոշումը, բայց վերաքննիչը թողել է ուժի մեջ, Վճռաբեկն էլ՝ վերադարձրել: Մենք ունենք շատ խնդրահարույց,  ես կասեի, ինչ-որ տեղ տարօրինակ դատական ակտ: 
 
Մեկ այլ  դեպքում, լրատվամիջոցը դատական ակտից է տեղեկացել, որ իր վրա դրել են պարտավորություն հրապարակել դատավարության կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության տեքստը: Սա ինքնին միջամտություն է լրատվամիջոցի իրավունքներին, իսկ եթե կա միջամտություն, ուրեմն նա պետք է իրավունք ունենար դատական պաշտպանության,  այսինքն՝ դատարանը ժամանակին պետք է նրան  ներգրավեր այդ դատական պրոցեսում եւ նոր շարունակեր դատական քննությունը։ Տվյալ պարագայում, դատական քննությունն ավարտվել է առանց «Հետքի», վերջինս միայն հետո է տեղեկացել, որ իր վրա դատարանի որոշմամբ կոնկրետ պարտականություն է դրվել: Այս մոտեցումը նույնպես անիրավաչափ է: Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքն այն պատճառաբանությամբ, որ հաշտության համաձայնության մեջ նշվածը ոչ թե դատարանի կողմից սահմանված պարտականություն է, այլ հայցվորի ու պատասխանողի միջև հաշտության պայմանագրով սահմանված պարտականություն:  Բայց նախ՝ դատարանը դա հաստատել է, երկրորդ՝ կա քաղաքացիական դատավարությունում նորմ, ըստ որի դատարանը չպետք է հաստատի նման հաշտության համաձայնությունը, եթե դա  որևէ կողմի իրավունքները կամ օրինական շահերը խախտում է: Ստացվում է, որ «Հետքը» զրկված է եղել դատական պաշտպանության հնարավորությունից: 
 
Հարց. Ձեր դիտարկմամբ, այսօր կա՞ն լրատվական դաշտին առնչվող օրենսդրական բացեր,  որոնք սահմանափակում  են լրագրողների իրավունքները կամ նպաստում դրանց խախտմանը: Խոսքն, իհարկե, հեղինակային իրավունքի խախտման մասին չէ, քանի որ, ցավոք, բավական տարածված երեւույթ է։  
 
Պատասխան. Գիտեք, որ «Հեղինակային ու հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխության նախագիծ գոյություն ունի, որտեղ առաջարկվում է բարոյական վնաս սահմանել հեղինակային իրավունքը խախտելու համար՝  150-200 հազար դրամի չափով: Կարծեմ, դա դրական մոտեցում է։ Ճիշտ է, լրատվամիջոցները նորից կարող են ընդվզել՝ ասելով, թե դա ևս մեկ գործիք է իրավունքները սահմանափակելու համար, բայց այս նախաձեռնությունը հիմնականում  ուղղված է առցանց լրատվական դաշտում հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութերը ազատորեն վերցնելու  և  հրապարակելու դեմ այն դեպքում, երբ ազատ օգտագործման շրջանակի մեջ չի մտնում: Կա հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութերի ազատ օգտագործման իրավունք, բայց դա ունի խիստ սահմաններ ու պայմաններ՝ քաղվածք անելու չափեր կան՝  քաղվածքի անվան տակ չպետք է ամբողջ հոդվածը հրապարակել կամ գրագողությամբ զբաղվել, գիտեք այդ երևույթները տարածված են: Չկան նորությունների ագրեգատներ, և այստեղ արդեն պետք է տարբերակել՝ ծառայություն մատուցող ընկերություննե՞ր են, թե տեղեկատվական կոնտենտ տրամադրող ընկերություններ: Մի խոսքով, բազմաթիվ խնդիրներ կան կուտակված առցանց դաշտում և որոշ ակտիվիստներ, կարծեմ, լրատվամիջոցների խմբագիրներ, լոբբիստական գործունեության արդյունքում ստացել են այդ օրենքի նախագիծը, մեկը Ազգային ժողովում է, մյուսն էլ կառավարությունը կմշակի եւ կմիանա նրան: Հետաքրքիր մոտեցումներ կան, որոնք ընդհանուր առմամբ բխում են «հեղինակային իրավունք» հասկացության միջազգային փորձից։ Մասնավորապես, փորձ է արվում դաշտը կարգավորել այն իմաստով, որ եթե կան նորությունների ագրեգատներ, ապա թող դրանք լինեն, բայց ազատ օգտագործման անվան տակ չվերցնեն մյուսների քրտնաջան աշխատանքն ու օգտագործեն իրենց սեփական եկամուտների ու շահերի համար: Խախտման դեպքում նախատեսվում է նյութական փոխհատուցման ինստիտուտ: Ճիշտ է, այդպես նշված չէ, բայց ստացվում է բարոյական վնասի փոխհատուցում։ Դա այն մեծ նորություններից մեկն է, որ  այսօր տեղի է ունենում: Իհարկե, նախագծում դեռ կան որոշ կետեր, որոնք պետք է պարզեցնել, բայց նախագիծը բխում է մասնավորապես, Միացյալ Նահանգների՝ որպես ամենամեծ դատական պրակտիկա ունեցող երկրի, փորձից: Կարծում եմ, դեռ քննարկումներ պետք է տեղի ունենան։ 
 
Ընդհանրապես առցանց լրատվամիջոց և հեղինակային իրավունք, սա ամենախնդրահարույց ոլորտներից մեկն է ամբողջ աշխարհում, որովհետև ինչքան զարգանում են առցանց լրատվամիջոցները և առցանց  ծառայություն մատուցող ընկերություններն ու տեսակները, այնքան հեղինակային իրավունքն ավելի է նեղանում, ավելի վտանգվում է, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, 90-ականներին: Ուղղակի 90-ականների ինտերնետում օգտատերը դեռ ինքը ծառայություն մատուցող չէր, որովհետև չկային սոցիալական ցանցեր, իսկ 2006-ից հետո արդեն ստեղծվեց «user generated content» հասկացությունը, այսինքն՝ օգտատերը ոչ միայն օգտվում է, ստանում  նյութեր, այլ նաեւ  ինքն է  նյութեր տալիս, այսինքն՝ ոչ միայն ծառայություն է ստանում, այլ նաև մատուցում։  Սա հեղինակային իրավունքի դաշտում խառնաշփոթ առաջացրեց։
 
Հարց. Ի՞նչ եք  կարծում, նախագիծը չպե՞տք է միջազգային փորձաքննության ենթարկվի: 
 
Պատասխան. Ինչու միջազգային, մենք ինքներս էլ դա կարող ենք անել: Միջազգային փորձագետներն ավելի լավը չեն, քան մեր փորձագետները, ընդհակառակը նրանք բացասական իմաստով չեզոք են, որովհետև  մեր միջավայրը շատ վատ են պատկերացնում։ Այստեղ փորձագետներ են գալիս անգլոսաքսոնական համակարգից, ովքեր շատ վատ են պատկերացնում կոնտինենտալ իրավական համակարգը, չգիտեն ինչ զարգացումներ կան, չգիտեն մեր շուկայի ու մեր պետության առանձնահատկությունները: Ես կվստահեի ավելի շուտ մեր փորձագետներին, իսկ մենք վատ փորձագետներ չունենք եւ նրանք կարող են օգտվել միջազգային աղբյուրներից, համեմատական իրավունքից,  ինչի հնարավորությունը, փառք Աստծո, ինտերնետը տալիս է :
 
Նախագիծը, որ մշակել են, վատը չէ, բայց  հստակ սահմանված չէ, թե քանի հղումներ պետք է կատարի առցանց լրատվամիջոցը տեղեկությունը վերցնելիս,   դեռ այդքան հստակ սահմանված չեն ազատ օգտագործման շրջանակները, ասենք,  դու կարող ես քաղվածք անել, որպեսզի նյութի բովանդակությունը չբացահայտվի: Դա ընդհանուր սկզբունք է, որ վերցված է ամերիկյան դատական պրակտիկայից և հեղինակային իրավունքի դաշտում դա աշխատում է: Եվ ես, կարծում եմ, որ նախագիծը մշակողները միտումնավոր որոշել են դրան լայն իրավակարգավորում չտալ  օրենքում, որպեսզի դա թողնեն դատարաններին: Ողջամիտ մոտեցում է, ինչը  ցույց է տալիս, որ այն երկար կյանք ունի, եթե հակառակն է արվում, փորձ է արվում  մանրամասն իրավակարգավորել խնդիրը օրենքում, ապա երկու-երեք տարի հետո  տեսնում են, որ արդեն հնացել է, որովհետև փորձել են կարգավորել այն, ինչը հնարավոր չէ օրենքով անել:    
 
Հարց. Անդրադառնանք դատարանների և մասնավորապես, Վարչական դատարանի գործելաոճին, որով արգելվում է դատարանի դահլիճում ձայնագրություն անել, ինչն, ի դեպ, արգելված չէ օրենքով:
 
Պատասխան. Եթե վկային մի կերպ գտել են, հրավիրել դատարան, ապա, իմանալով, որ լրագրողը ձայնագրում է, նա կարող է կաշկանդվել, կեղծ տեղեկություններ տալ կամ հրաժարվել ընդհանրապես ցուցմունք տալուց։ Նման դեպեքերում դատարանը կարող է վկայի խնդրանքի դեպքում արգելել ձայնագրումը եւ, ապա լրագրողին ուրիշ անելիք չի մնում, քան ենթարկվելը, որովհետև այստեղ արդեն լրագրողի ազատ արտահայտվելու կամ տեղեկատվություն տրամադրելու իրավունքը բախվում է դատավարության արդարացիության, վկայի, մեղադրյալի  կամ կողմերից որևէ մեկի անձնական կյանքի տիրույթին: Ուրեմն պետք է փոխհավասարակշռել,  դատավորը պետք է ոչ թե ընդհանրապես արգելի, այլ  մի քանի րոպե թույլ տա տեսաձայնագրել՝ ընդգծելով, որ սկսվում է ապացույցների հետազոտման փուլ, ապա խնդրել չձայնագրել, որովհետև դա կաշկանդում է կողմերին:   Եթե կողմերին չի կաշկանդում,  ապա այդ դեպքում արդեն դատավորի կողմից նման սահմանափակումն անիրավաչափ է:  Հանրային  հետաքրքրություն ներկայացնող գործերով դատավորը պետք է կողմնորոշվի։ Օրինակ, «Հարսնաքարի»-ի գործով որևիցե կաևոր վկա, ասենք դատաբժիշկը, եթե ասի, որ լրագրողների կողմից ձայնագրելն իրեն հոգեբանորեն կաշկանդում է, ապա  պետք է արգելվի, որովհետև դա կարող է ազդել   գործի ելքի վրա:  Նույն տեղեկատվությունը լրագրողը կարող է ստանալ այլ եղանակով՝ օրինակ հարցազրույցի միջոցով։ Ամեն ինչ կախված է դատավորի պրոֆեսիոնալիզմից,  որպեսզի անհամաչափ չսահմանափակի լրագրողի ազատ արտահայտվելու իրավունքը: Շատ դեպքերում ֆոտոլրագրողը գալիս է դատարանի դահլիճի մեջտեղը կանգնում ու սկսում նկարել, դա բոլորի ուշադրությունը շեղում է, դատավորը խնդրում է՝ այն անկյունում կանգնիր, ասում է՝ ոչ: Այստեղ, իհարկե, վարքագծի խնդիր էլ կա: Որևէ խնդիր չեմ տեսնում  դատարանի դահլիճից դուրս դատավարության  կողմին ձայնագրելու կամ լուսանկարելու հարցում:        
 
Շատ նկարներում տեսնում եմ, որ որեւէ ֆոտոլրագրող  դեպքի վայրում է գտնվում քննիչից կամ օպերատիվ խմբից առաջ: Դեպքի վայրը առաջին հերթին պետք է պահպանվի՝ ժապավեններով առանձնացվելու միջոցով,  սակայն այդ նկարներում ես չեմ տեսնում ժապավեններ, նշանակում է՝  նա այնտեղ ավելի շուտ է գալիս, քան  օպերատիվ խումբը կամ քննիչը, իսկ  դա ինքնին կասկածի տակ է դնում նախաքննության ու դատաքննության արդարացիությունը. լավ պաշտպանը կարող է ասել, որ լրագրողը  նկարել է, ուրեմն  կարող էր նաև ապացույցներ այնտեղ խառնել: Սա իմ համար մտահոգիչ է, ոստիկանությունը պետք է այս մասին մտածի, բայց կարծես, թե չեն ուզում։ Թերեւս պետք է լինի որևէ դատական գործ ընդդեմ այդ լրագրողի, չեմ ասում քրեական,  քաղաքացիական, կամ պետք է մրցակցությունը մեծանա, որպեսզի այս հարցերը դառնան քննարկման առարկա։ Բայց հարց է առաջանում, ինչո՞ւ է որեւէ լրագրող ոստիկանից ավելի շուտ հայտնվում դեպքի վայրում, երբ հանցագործության մասին հաղորդումը ստանում է ոստիկանությունը, դա դժվարանում եմ բացատրել, չեմ կարող հասկանալ: 
 
Հեղինակ. 
Սոնա Մաշուրյան