Մեղավորը վախենում է օրենքից, անմեղը՝ ճակատագրից:
Պուբլիլիոս Սիրոս

Տեղեկատվության ազատություն, վիրավորանք և զրպարտություն. Կայացավ ՏՎԽ աշխատանքային քննարկումը

09/15/2014
2014 թվականի սեպտեմբերի 13-14-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը երկօրյա աշխատանքային քննարկում էր կազմակերպել փաստաբանների և լրագրողների հետ: Օրակարգում էին տեղեկատվությայն ազատության, զրպարտության և  վիրավորանքի, էլեկտրոնային լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի պաշտպանությանն առնչվող հարցերը: Միջոցառումը կայացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն տեղեկատվության մատչելիությանն ու տեղեկատվական վեճերի արտադատական լուծումներին Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մաքկոյը: Նա հույս հայտնեց, որ նման քննարկումները կօգնեն Հայաստանում ձևավորել այնպիսի մեդիա դաշտ, որտեղ շատ են անկախ և պաշտպանված ԶԼՄ-ները, որոնք սակայն իրենց գործունեությունը ծավալում են չխախտելով ոչ միայն իրավական, այլև լրագրողական դաշտի էթիկական նորմերը: 
 
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանն անդրադարձավ «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքին, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը: Նա նաև ներկայացրեց Կենտրոնի մշակած Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսը, որով այսուհետ գնահատվելու է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության և հրապարակայնության մակարդակը: «Մշակված հիսունից ավելի չափանիշների հիման Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետներն այսուհետ ամեն տարի իրականացնելու են պետական կառավարման մարմինների գնահատում՝ կազմելով դրանց հրապարակայնության ամենամյա ռեյտինգը։ Այս տարի գնահատվել է պետական կառավարման 37 մարմին՝ բոլոր նախարարությունները, մարզպետարանները և կառավարությանն առընթեր մարմինները”,- նշեց Շուշան Դոյդոյանը։ Ինդեքսի մասին տեղեկատվությունը և բոլոր մարմինների տվյալները հասանելի են Հրապարակայնության ինդեքսի կայքում www.foi.am/rating։ 
 
ԻԱԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց Տեղեկատվության ազատության օրենսդրական բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ չնայած օրենքը լավագույն ՏԱ օրենքներից է աշխարհում, սակայն այն գործում է շուրջ 11 տարի և ոլորտի զարգացումները անհրաժեշտ են դարձնում իրավական նոր ձևակերպումների ներառումը: Մասնավորապես քննարկվեց էլեկտրոնային հարցումների խնդիրը, որն այսօր ոչ մի իրավական ակտով կարգավորված չէ: 
Մեկ այլ կարևոր անդրադարձ եղավ Անհատական տվյալների մասին օրենքի նախագծին, որը մշակել և Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը: Նախատեսվում է ստեղծել անհատական տվյալների գծով պայմանական հանձնակատարի ինստիտուտը, որը գործադիր մարմնի՝  արդարադատության նախարարության կազմում է լինելու: Այս փաստը մասնավորապես խիստ մտահոգիչ էր քննարկման կազմակերպիչների համար, քանի որ գործադիր մարմնի ենթակայության ներքո ստեղծված մարմինը չի կարող լիարժեք անկախ և օբյեկտիվ իրականացնել իր լիազորությունները: Ինչպես նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը՝ որպես քննարկման արդյունք՝ նախագծին վերաբերող այս և այլ մտահոգությունների վերաբերյալ ներկաների առաջարկները Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր կներկայացնի ՀՀ արադարադատության նախարարությանը:
  
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Զեյնալյանի ելույթներից հետո բավականին ակտիվ քննարկում սկսվեց բանախոսների ներկայացված թեմաների շուրջ. Ինչպես մոդեռացնել առցանց լրատվամիջոցների հրապարակումների տակ թողնված մեկնաբանությունները, ով է պատասխանատու սոցիալական ցանցերում անհայտ օգտատերերի վիրավորական կամ զրպարտչական բնույթի գրառումների համար, որո՞նք են անհատական տվյալների սահմանները, Հեղինակային իրավունքների մասին օրենքում նախատեսվող նոր փոփոխությունների անհրաժեշտությունը և այլն:
 
Աշխատանքային հանդիպման երկրորդ օրն ամբողջովին նվիրված էր նոր հրապարակված զրպարտության և վիրավորանքի ձեռնարկի ներկայացմանը: Զեռնարկը հեղինակել են «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Ձեռնարկը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ում անհրաժեշտ է վիրավորանքի ու զրպարտության դատական գործերով մանրամասն ուղեցույց։ Հենց այդ նպատակից ելնելով ձեռնարկը կազմվել է այնպես, որպեսզի դրանից կարողանան օգտվել ոչ միայն ոլորտի մասնագետները, այլ նաև նրանք, ովքեր հանգամանքների բերումով ստիպված են իրավական պաշտպանության եղանակներ փնտրել վիրավորական կամ զրպարտող բնույթի հրապարակային հայտարարություններից։ 
 
Ձեռնարկը քայլ առ քայլ ներկայացնում է վիրավորանքի և զրպարտության գործերով մինչդատական և դատական վարույթների բոլոր ընթացակարգերը և դրանց շրջանակներում ընկած փուլերը, օրինակ, մինչև դատարան դիմելը հերքման պահանջը ներկայացնելու կարգը, հայցապահանջ ներկայացնելու ժամկետները, դատարանում ապացուցման բեռի բաշխման սկզբունքներն ու կանոնները, վնասի հատուցման պահանջ ներկայացնելը, դատաքննության փուլում մի շարք պաշտպանական համակարգերի նկարագրությունը և այլն։ Առանձին բաժնով ներկայացվում են վիրավորանք և զրպարտություն հասկացությունների սահմանումները, այն չափանիշները, չափորոշիչները և սկզբունքները, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ արտահայտությունը իր բնույթով վիրավորա՞նք է, թե՞ զրպարտություն։ Որպեսզի առավել դյուրին լինի ձեռնարկի գործածումը, Բաժին I-ում ներառված է ուղեցույց, որում ընթերցողին բացատրվում է, թե գործընթացի առաջին քայլին (հերքման պահանջով դիմելիս կամ դատական հայցը ստանալիս) որ հանգամանքների վրա պետք է ուշադրություն դարձնել, ինչ քայլերը առավել նպատակահարմար կլինի կատարել և այլն։